Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեիլանի «Ձմռան քուն» ֆիլմը Կաննի 67-րդ կինոփառատոնի հաղթող է դարձել եւ նվաճել է «Ոսկե արմավենու ճյուղ»: Նման որոշում է կայացրել կինոդիտման ժյուրին:

Իտալուհի Ալիսա Ռորվակերի «Հրաշք» ֆիլմը Կաննի 67-րդ կինոփառատոնի Գրան-պրի մրցանակն է շահել: Այս մրցանակը կինոֆորումի նշանակությամբ երկրորդ մրցանակն է:

Լավագույն դերասանուհու մրցանակին է արժանացել ամերիկյան դերասանուհի Ջուլիանա Մուրը, ով հանդես է եկել Դեիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզ» ֆիլմում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լավագույն դերասանի մրցանակին է արժանացել բրիտանացի դերասան Թիմոթի Սփոլը, ով հանդես է եկել բրիտանացի ռեժիսոր Մայքլ Լիի «Ուիլյամ Թերներ» ֆիլմում՝ նկարչի դերում:

Լավագույն ռեժիսուրայի մրցանակը շնորհվել է ամերիկացի Բենեթ Միլերին «Աղվեսի որսորդը» ֆիլմի համար:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագենցեւի «Լեւիաֆան» ֆիլմն արժանացել է մրցանակի լավագույն սցենարի համար: