Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ներկայացուցիչներն առեւանգել են շրջանային բոլոր հինգ ընտրական հանձնաժողովների նախագահներին, ովքեր գործում էին Դոնեցկում: Այդ մասին ուկրաինական «Վեստի» պորտալին հաղորդել է ընտրատեղամասերից մեկի ներկայացուցիչը՝ ոմն Իլյա: Նա պնդում է, որ նրանց ազատ կարձակեն 20:00-ից հետո, այսինքն երբ ավարտվի քվեարկությունը:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ ակտիվիստները խոստացել են չվնասել իրենց համաքաղաքացիներին, եւ հավելել են, որ միայն մեկ նպատակ են հետապնդում՝ ընտրությունների խափանում Դոնբասում: Իլյայի խոսքով՝ ընտրական հանձնաժողովների փոխնախագահները հրաժարվել են նախագահների պարտականություններից:
Ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ-ում խոստովանել են, որ Դոնեցկում, ինչպես նաեւ Լուգանսկում եւ Սլավյանսկում Ուկրաինայի նախագահի ընտրություններ չեն անցկացվի, քանի որ այդ քաղաքներում ընտրական հանձնաժողովը «չի կարողացել իրագործել իր ուղղակի պարտականությունները»:





























