Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է, նշել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը, հայտնում է «IRNA» գործակալությունը:

Դեսպանի խոսքով՝ տարածաշրջանում անվտանգության ապահովումը կարեւոր նշանակություն ունի, եւ Թեհրանը ձգտում է, որպեսի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի:

«Այս կոնֆլիկտը ներառում է Իրան-Ադրբեջան եւ Իրան-Հայաստան սահմանների մի մասը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը չի նպաստում կողմերից եւ ոչ մեկին, իհարկե ոչ էլ Իրանին»,- ասել է դեսպանը:

Դեսպանը նաեւ նշել է, որ ինչ-որ ժամանակահատվածում Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ էր: Փաքայինի խոսքով՝ կողմերը ցանկանում են կոնֆլիկտը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Մինսկի խումբն աշխատում է ավելի քան 20 տարի, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկել կոնֆլիկտի կարգավորման համար»,- ասել է դեսպանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված չէ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման մեջ, հավելել է դեսպանը: