Ուկրաինայում նախագահի թեկնածու, «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը վստահեցրել է, որ իր կուսակցությունը կանի ամեն բան, որպեսզի աշնանը տեղի ունենան Գերագույն Ռադայի վերընտրություններ եւ կմասնակցի դրանց, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով «1+1» հեռուստաալիքը:
«Հեղափոխության ակտիվ փուլի ժամանակ Մայդանը հանդես էր գալիս իշխանության ամբողջական վերբեռնման մասին: Այդ վերբեռնման բաղկացուցիչներից մեկն էլ խորհրդարանի վերընտրությունն է»,-ասել է Յարոշը:
Նրա խոսքով՝ «Աջ սեկտոր» կուսակցությունը ակտիվ մասնակցություն կունենա այդ ընտրական մրցավազքին:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման ընտրություններ աշնանը տեղի ունենան»,- հավելել է Յարոշը: Նա ընդգծել է, որ էքզիթ փոլի արդյունքն իր համար անսպասելի չէր: Յարոշը դա բացատրել է նրանով, որ «Աջ սեկտորը» լայնամասշտաբ ընտրարշավ չի անցկացրել:
«Մենք արեցինք այն, ինչ պիտի անեինք՝ կանգնեցինք պետական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում: Նորընտիր նախագահի համար գլխավոր խնդիրը լինելու է ռուսական ագրեսիայի դադարեցումը: Այդ հարցում «Աջ սեկտորը» պատրաստ է օգնել նրան»,-ասել է նա:





























