Նիկոլա Սարկոզիի մերձավորներից մեկը` Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանը, կալանքի տակ է վերցվել: Այս մասին տեղեկությունը, France-Presse գործակալությանը վկայակոչելով, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն է հաղորդում:
Ֆրանսիացի քաղաքական գործչի կալանավորումը այսպես կոչված «Տապիի գործով» տարվող քննության շրջանակում է իրականացվել: Խոսքը միլիարդատեր Բերնար Տապիի եւ «Լիոնյան կրեդիտ» պետական բանկի միջեւ դատական գործընթացին է վերաբերում:
Հիշյալ գործով լսումները դեռեւս 1993թ.-ին են մեկնարկել եւ շուրջ 14 տարի տեւել: 2007թ.-ին արբիտրաժային ծառայության օգնությամբ կողմերն ի վերջո փոխադարձ համաձայնության էին եկել:
Սակայն 2011թ.-ին, մի շարք խորհրդարանականների պահանջով, քննություն էր սկսվել առ այն, թե որքան է հիմնավորված եղել մասնավոր արբիտրաժի դիմելու մասին որոշումը:
Կլոդ Գեանը պետք է ցուցմունքներ տրամադրի քննիչներին այն հարցի շուրջ, թե ինչ դերակատարում է ունեցել սովորական դատական գործընթացի փոխարեն կողմնակի արբիտրաժային ծառայության դիմելու մասին կայացված որոշման մեջ, ինչի արդյունքում հսկայական գումարների վճարման համար հիմք դարձած վճիռ է կայացվել: Քննիչներին նաեւ հետաքրքրում է, թե հիշյալ գործարքից հետո ինչու են Տապիի նկատմամբ բազմատեսակ հարկային արտոնություններ կիրառվել, եւ ինչու Գեանը չի վիճարկել արբիտրաժային հանձնաժողովի որոշումը:
Կլոդ Գեանը երկրորդ անգամ է ճաղավանդակից այն կողմ հայտնվում: Առաջին դեպքում նա ստիպված էր ՆԳՆ պահուստաֆոնդերից ստացված անօրինական պարգեւավճարների շուրջ ցուցմունքներ տրամադրել:





























