Մինչ աշխարհը ապրիլ ամիսը նշում էր որպես Ցեղասպանությունների ճանաչման ամիս, Ամերիկայի Հայկական Համագումարի (Համագումար) եւ Հայ Ազգային Ինստիտուտի (ՀԱԻ) ներկայացուցիչները ընդլայնել են Հայոց ցեղասպանության մասին քննարկման ծավալը ամերիկյան հասարակության հետ եւ արտերկրի ազգային եւ միջազգային լրատվամիջոցներում,- հաղորդում է Համագումարը:

Երբ տեղի ունեցավ Թուրքիայի սահմանից սկսված իսլամական զինված հարձակումը քեսաբահայերի վրա, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտնեց Ինթերնեյշնլ Բիզնես Թայմսին. «Ամերիկահայերի համար Քեսաբում հայկական տների թալանի ու զավթման ներկա պատկերները, ինչպես նաեւ անմեղ կյանքերի ողբերգական կորուստը արթնացնում են օսմանյան թուրքերի կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության վաղ փուլի մասին ցավալի հիշողությունները»:

Հայ որբերի գործած գորգը Սպիտակ տանը ցուցադրելու Համագումարի ջանքերը նույնպես արժանացան վերնագրերի: «Ամերիկայի Հայկական Համագումարը ճնշում գործադրեց ցուցադրելով «քույր գորգը» Բոստոնում եւ Բոկա Ռեյթոնում, Ֆլորիդա»,- հաղորդում է Մայամի Հերալդը: Իսկ Արդունին Հարավային Կալիֆորնիայի ռադիոյին հայտնել է, որ «Ամերիկայի` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար երախտագիտության այս նյութական խորհրդանիշի ցուցադրությունը դրական առաջընթաց է»:  

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապիլ 24-ի հայտարարությանը, որով կրկին նա չիրականացրեց 2008թ. նախագահական քարոզարշավի խոստումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, Համագումարի Խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը հայտնեց Ազատություն ռադիոկայանի   (RFE/RL) հայկական ծառայությանը, որ. «1981թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրապարակայնորեն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը… Սա հստակորեն արտացոլում է Ամերիկայի արժեքները եւ ցեղասպանությունը դատապարտելու մոտեցումը, եւ ես ողջունում եմ այն»: «Համագումարի խորհրդի անդամ Վան Գրիգորյանը ողջունել է Ամերիկայի հրեական կոմիտեին, որ կոչ էր արել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանության իրողությունները»,- հաղորդեց նույն ռադիոկայանը:

Ի հավելում, Համագումարի խորհրդի նախկին անդամ Մարկ Մոմջյանը քննարկել է Հայոց ցեղասպանությունը նյու-յորքյան WBAI/NYC 99,5 FM ռադիոեթերում: Ապրիլի 13-ին Մոմջյանը «Սահմանից այն կողմ» հաղորդման հյուրն էր, որը ուսումնասիրում է հրեական մշակույթի վերջին զարգացումները եւ առաջարկում տեղական, ազգային եւ միջազգային քաղաքական բանավեճ եւ վերլուծություն հրեական տեսանկյունից:  

Ուշագրավ է նաեւ Համագումարի գործունեությունը` կապված Սաֆոլք համալսարանի իրավաբանական դպրոցի որոշման հետ, որով հրավիրել էին Հակադեֆամացիոն Լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանին որպես 2014թ. ավարտական հանդիսության խոսնակ: «Եթե այժմ Հակադեֆամացիոն Լիգան աջակցում է ակնկալվող կոնգրեսական բանաձեւը, ապա սա իսկապես համարձակ քայլ կլիներ անարդարության դեմ»,- Բոստոն Գլոբին է հայտնել Սաֆոլք համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ եւ Ամերիկայի Հայկական Համագումարի անդամ Էնթոնի Բարսամյանը: 2007թ. Ֆոքսմանը եւ Հակադեֆամացիոն Լիգան հրապարակավ դեմ արտահայտվեցին Կոնգրեսի` Հայոց ցեղասպանությանն առընչվող բանաձեւի հետ:

«Վերջին ապաստանը եւ առաջին պաշտպանությունը. Հայոց Եկեղեցին, Էջմիածինը եւ Հայոց Ցեղասպանությունը» անվճար, առցանց ցուցահանդեսը, որն իրականացվել էր Հայ ազգային ինստիտուտի (ՀԱԻ` Armenian National Institute (ANI)), Ամերիկայում Հայոց Ցեղասպանության թանգարանի (AGMA) եւ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար)  հետ համատեղ` համագործակցելով Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի, Երեւանում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Հայաստանի ազգային արխիվի հետ, ավելի քան 30.000 ներբեռնումներ է գրանցել առաջին մի քանի շաբաթների ընթացքում, ինչպես նաեւ ընդլայնել է ցեղասպանության ճանաչման հորիզոնը: Լինելով Ամերիկայի ձայն լրատվամիջոցի հյուրը`  Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը քննարկել է ցուցահանդեսի եզակի կենտրոնացումը եւ դրա լայնածավալ կոչը:  Հայ ազգային ինստիտուտի կայք այցելուների թիվը հատեց մեկ միլլիոնը այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսների ընթացքում:

Ապրիլի 24-ին պարոն Ադալյանը նաեւ անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապիլի 23-ի եւ Նախագահ Օբամայի հայտարարություններին՝ ողջ Մերձավոր Արեւելքում հեռարձակվող արաբալեզու Ալ-Հուռա հեռուստաընկերության եթերում: Այդ հարցազրույցից բացի, Ադալյանը զրույց է ունեցել նաեւ Բիզնես Ինսայդեր ամսագրի հետ, որին մասնավորապես հայտնել է. «Օբաման ոչ երկիմաստ հայտարարություններ է արել որպես սենատոր եւ իր նախագահական քարոզարշավի ժամանակ՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ... Սակայն նա խուսափեց օգտագործել կոնկրետ բառը ակնհայտ պատճառներով. ճնշումներ Թուրքիայից, ում ԱՄՆ-ն համարում է կարեւոր դաշնակից»:

Համագումարի առաքելության հիմնասյուներից են կազմակերպության նախաձեռնողական ուսումասիրության, կրթության, եւ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար քարոզարշավների ընդլայնումը եւ ապահովումը նրա, որ Սփյուռքը լինի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ մարդկության դեմ մեղքի հետեւանքները վերացնելու նպատակով:

1997թ. հիմնված` Հայ ազգային ինստիտուտը Վաշինգտոնում տեղակայված կրթական բարեգործական կազմակերպություն է, եւ կոչված է Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանն ու ճանաչմանը: Հայ ազգային ինստիտուտը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: