Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողության վերսկսումը սխալ կլինի, վստահ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք կարող աչք փակել այն բանի վրա, որ այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունը չի դադարեցվել, իսկ երեկ Արսենի Յացենյուկի առաջին տեղակալ պարոն Յարեման հայտարարեց, որ այժմ, երբ քվեարկությունն ավարտվել է, Կիեւի իշխանոթյունները կվերսկսեն այդ գործողությունը: Դա մեծ սխալ կլինի», - ասել է ՌԴ արտգործնախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարաբերությունները կարգավորելու ստեղծված հնարավորությունը պետք է բաց չթողնվի, ընդգծել է Լավրովը:
«Հուսով ենք, որ Պյոտր Պորոշենկոն ընտրվելու դեպքում կանի ամեն ինչ` Ուկրաինայի Արեւելքի, Հարավի եւ ցանկացած այլ մարզի նկատմամբ Կիեւի կողմից ծայրահեղական տրամադրություններ թույլ չտալու համար», - ընդգծել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայում նախագահական մրցապայքարի առաջատար Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում հակաահաբեկչական գործողության ձեւաչափը փոխվելու է:
«Այն պետք է ավելի կարճ եւ արդյունավետ լինի… Այն 2-3 ամիս չի տեւի, այլ կտեւի ժամեր», - ասել էր նա:





























