Իտալիայի բնապահպանության նախկին նախարար Կորրադո Կլինին ձերբակալվել է` պետբյուջեից յուրացումներ անելու մեղադրանքով: Գործի շրջանակում կալանքի տակ է վերցվել եւս մեկ գործարար, որի անունը, «Ռոսբալտ» գործակալության կողմից վկայակոչվող La Repubblica պարբերականը չի հիշատակում:

Կասկածյալները տնային կալանքի տակ են գտնվում:

Իտալական իրավապահների համոզմամբ, նախկին պաշտոնյան Իրաքում բնապահպանական նախագիծ իրականացնելու նպատակով նախարարությանը հատկացված 54 մլն եվրոյից 3,4 մլն եվրոյի չափով յուրացումներ է արել:

Կլինին բնապահպանության նախարար էր նշանակվել 2011թ.: Մինչ այդ նա 20 տարի նույն գերատեսչությունում գլխավոր տնօրեն է աշխատել, իսկ ավելի վաղ` բնապահպանության ոլորտի մի շարք միջազգային կազմակերպություններում հեղինակավոր պաշտոններ զբաղեցրել: