Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դեմ չէ երկրի արեւելյան շրջաններում հանրաքվեների անցկացմանը, բայց առաջարկում է դրանց փոխարեն հիշյալ ռեգիոնի բնակիչների համար տեղական իշխանությունների ազնիվ եւ թափանցիկ ընտրություններ ապահովել: Այս մասին հաղորդագրությունը ՈւՆՆ գործակալությունն է տարածել:

«Ես ոչ մի հանրաքվեից չեմ վախենում: Ավելին` զինյալներից ազատվելուն պես ինքս պատրաստ եմ ցանկացած հանրաքվեի գնալ: Բայց դրանց փոխարեն միգուցե ընտրություննե՞ր հայտարարենք, եւ այդ ժամանակ դուք` Դոնբասի բնակիչներդ, հնարավորություն կունենաք այնպիսի  իշխանություն ընտրել, որն ի վերջո հենց ձեզ էլ կներկայացնի՞», - առաջարկել է նախագահի թեկնածուն:

Նշենք, որ Պյոտր Պորոշենկոն ընտրաթերթիկների 70,08 տոկոսի հաշվարկի արդյունքում, ձայների 53,75 տոկոսով, Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատարն է համարվում: Երկրորդ տեղում է Յուլիա Տիմոշենկոն` 13,11 տոկոսով: