Ուկրաինայի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը Կիեւում գրեթե 1,48 մլրդ ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցների հատկացման մասին համաձայնագիր են ստորագրել:

Համաշխարհային բանկի անունից համաձայնագիրը կազմակերպության` Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հարցերով տնօրեն Չիմյաո Ֆանն է ստորագրել: Ուկրաինայի կողմից փաստաթուղթը ստորագրել են երկրի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը եւ տնտեսական զարգացման նախարար Պավել Շերեմետան:

Համաձայնագրի շրջանակում երեք վարկային նախագծեր են գործելու: 750 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջին փոխառությունը զարգացման եւ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ է տրամադրվելու:

Վարկային հաջորդ մասնաբաժինը` 382 մլն ԱՄՆ դոլարի չափով, կենտրոնացված ջերմամատակարարման էներգաարդյունավետության բարձրացմանն է ուղղվելու: Նախագիծը Ուկրաինայի 10 քաղաքներում է իրականացվելու:

Երրորդ նախագծի շրջանակում Ուկրաինան 350 մլն ԱՄՆ դոլար կստանա` քաղաքային ենթակառույցների զարգացման համար: Ծրագրի շրջանակում 10 կոմունալ ջրամատակարարմամբ զբաղվող ընկերություններ միջոցներ կստանան` կարծր մնացորդների վերամշակման համար: