«Երեւանյան ամառ» ծրագրի հետ կապված՝ աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նախատեսված միջոցառումների ամփոփ ծրագիրը: Նշվել է նաեւ, որ կազմվել եւ տպագրվել է միջոցառումների ծրագրի տեղեկատվական թերթիկը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի ընթացքում նոր առաջարկներ լինելու դեպքում դրանք եւս քննարկել եւ ներառել միջոցառումների ցանկում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե զեկուցվել է նաեւ, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, նախատեսվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Ազատության հրապարակը ժամը 11:00-ից 13:00-ը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, իսկ ժամը 17:00-ից մինչ 20:00-ը այդտեղ կանցկացվի տոնական համերգ: Միջոցառումներ են նախատեսված նաեւ կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը ողջ օրվա ընթացքում կլինի անվճար: Ժամը 10:00-ից 13:00-ն երեխաների համար անվճար կգործեն Մանկական երկաթուղու ատրակցիոները: Թվով 25 ատրակցիոններ էլ նույն ժամերին երեխաներին անվճար կսպասարկեն «Հաղթանակ» զբոսայգում: Կիրովի անվան մանկական զբոսայգում էլ ժամը 12-14-ը կանցկացվեն մարզական հետաքրքիր միջոցառումներ:




























