ՌԴ պատվիրակությունը միայն բոլոր լիազորությունների լիարժեք վերականգնման պայմանով ԵԽԽՎ կվերադառնա: Այս մասին Վեհաժողովին ներկայացված ձախերի միացյալ քաղաքական խմբի առաջնորդ Տինի Կոկսի հետ հանդիպմանը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն է հայտարարել:
«Ցանկանում եմ ասել եւ ընդգծել, որ ռուսական խորհրդարանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին միայն լիարժեք լիազորություններով կմասնակցի: Հակառակ դեպքում ընդհանրապես Վեհաժողովի հետ կապված ոչ մի աշխատանք չենք ծավալի», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, զգուշացրել է Նարիշկինը:
Նա Ուկրաինայի նոր իշխանություններին երկրի հարավ-արեւելքում իրականացվող գործողությունները դադարեցնելու եւ աջ արմատականների կողմից իրականացված բոլոր հանցագործությունները հետաքննելու կոչ է արել:
«Նոր իշխանությունների համար գլխավոր խնդիրը, անխոս, բռնությունների, պատժիչ գործողությունների դադարեցնումն է: Հարկավոր է նաեւ մանրազննին հետաքննության ենթարկել արմատականների կողմից Օդեսայում եւ այլ տեղերում, այդ թվում նաեւ` մայդանում իրականացված սարսափելի հանցագործությունները», - հայտարարել է Նարիշկինը:
Պետդումայի նախագահը զգուշացրել է, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամից ելքը «դեռ շատ ու շատ հեռու» է գտնվում:
«Հուսով եմ` Պորոշենկոն բոլոր ջանքերը կգործադրի` Ուկրաինան քաղաքակիրթ զարգացման ուղի վերադարձնելու համար: Իսկ Ուկրաինացի ժողովրդի ընտրությանը մենք հարգանքով ենք վերաբերվում», - ամփոփել է Նարիշկինը:




























