Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան հաջող էր եւ ընդգծված կերպով ջերմ ու ընկերական մթնոլորտում է անցել: Այս մասին մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն է հայտարարել:

Դիվանագետի խոսքով, այցը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների մակարդակի մասին է վկայում: «2006թ.-ից ի վեր դա Ֆրանսիայի նախագահի երրորդ պետական այցն էր Հայաստան: Վերջին երկու այցերը անցյալ մեկուկես տարվա ընթացքում են տեղի ունեցել, եւ հաջորդ տարի էլ` ապրիլ ամսին Ֆրանսիայի նախագահը Երեւանում կլինի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված արարողություններին մասնակցելու համար», - նշել է դեսպանը:

Անրի Ռենոն նաեւ նկատել է, որ վերջին այցի հիմնական շեշտադրումը երկրների միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացումն էր: «Նախագահի այցը հայ-ֆրանսիական գործարար համաժողովով մեկնարկեց: Ֆրանսիան Հայաստանի տնտեսությանն ուղղված ներդրումների ծավալով առաջատարն է արեւմտյան երկրների շարքում, ուստի փոխադարձ առեւտրի ոլորտում եւս համապատասխան ցուցանիշներ ապահովելու անհրաժեշտություն է ծագել», - մեկնաբանել է դիվանագետը: