Ֆրանսիան հետեւողական է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունման հարցում: Այս մասին մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն է հայտարարել:
«Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչած առաջին երկիրն է: Ֆրանսիայի նախագահը Հայոց ցեղասպանության 100-ամյակից դեռեւս մեկ տարի առաջ այդ ողբերգական տարեթվի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանելու մտադրության մասին է հայտնել», - հայտարարել է դեսպանը:
Անրի Ռենոն հիշեցրել է, որ խնդրո առարկա օրենքն արդեն ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից, սակայն երկրի սահմանադրական դատարանի կողմից ուժը կորցրած է ճանաչվել, ինչի առթիվ նախագահը հանձնարարել է, ՍԴ-ի դիտարկումերը հաշվի առնելով, հերքումը քրեականացնելու մասին նոր օրինագիծ մշակել:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, դեսպան նշել է, որ այն ամբողջությամբ Ֆրանսիայի նախագահի կողմից ուղղորդվող քաղաքականության տրամաբանության սահմաններում է:
Անրի Ռենոյի խոսքով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 20-րդ տարեդարձին էր համընկել, ինչի առթիվ նա նաեև հակամարտության կարգավորման հարցին է անդրադարձել: «Նախագահ Օլանդը բացառում է հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը եւ ընդգծել է, որ այն մադրիդյան սկզբունքների հիման վրա` բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի», - մեկնաբանել է դիվանագետը:




























