Անձնակազմի ռազմական պատրաստվածության մակարդակը եւ ձեռքի տակ եղած տեխնիկական սարքավորումները բոլոր խնդիրների լուծման հնարավորություն են ընձեռում: Այս մասին լրագրողների հետ զրույցին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային խորհրդի սահմանապահ վարչության` Հայաստանում տեղակայված Արմավիրի ջոկատի հրամանատար Ալեքսանդր Զլոբինը:
Նրա խոսքով, վերջին 5 տարիներին սահմանապահ ջոկատի անձնակազմի կողմից պետական սահմանի խախտման 7, պետական սահմանի ռեժիմի խախտման 25 եւ սահմանապահ ռեժիմի խախտման 46 դեպքեր են արձանագրվել:
Ընթացիկ տարում 2 սահմանախախտներ են բռնվել եւ պետական սահմանի ռեժիմի խախտման 12 դեպքեր են գրանցվել: «Տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում խախտումների քանակը նվազում է», - նկատել է Ալեքսանդր Զլոբինը:
Սահամանապահ ջոկատի հրամանատարը նաեւ Արմավիրի ու Արագածոտնի մարզերում գործող ոստիկանության եւ ԱԱԾ մարմինների հետ փոխգործակցության բարձր մակարդակն է ընդգծել: Նրա խոսքով, համատեղ պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում օրինականության եւ կարգուկանոնի պահպանման հարաճուն միտումներ են գրանցվում:
90 տարի առաջ ձեւավորված Արմավիրի սահմանապահ ջոկատը սահմանապահ ծառայության համակարգի ամենահին ստորաբաժանումներից մեկն է: Ինչպես ջոկատի հրամանատարն է նշել, այստեղ ժամանակին ԽՍՀՄ 3 հերոսներ են ծառայել: 1943թ.-ից ի վեր ստորաբաժանման անձնակազմը հազարից ավելի սահմանախախտների է բռնել: Սահմանի` ջոկատի պահպանությանը հանձնված հատվածի երկարությունը ավելի քան 120 կմ է կազմում:



























