Յուրաքանչյուր պետություն իր ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցում է իր պլանների ու քաղաքականության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքը:
«Ռուսաստանի Դաշնությունը, լինելով մեր ռազմավարական գործընկերը, անկասկած, առաջին հերթին, ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական հարցերին: Բայց միաժամանակ, ՌԴ-ն իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարել»,-հայտարարել է Օհանյանը:
Անդրադառնալով զենքի վաճառքին, նա նշել է. «Որպես ռազմական գերատեսչության ղեկավար, իհարկե, ես չեմ կարող դրան նայել բարի աչքով, բայց ես նաեւ իրավունք չունեմ դա քննարկել»:
Այդուհանդերձ, նախարարը հավելել է, որ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանը ունի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան բարձր մակարդակ: «Իրավիճակը չի խանգարում շփման գծում հայկական ուժերի կողմից հավասարակշռության պահպանման ապահովմանը՝ շնորհիվ նրանց բարձր պատրաստվածության»,-ընդգծել է նախարարը:




























