Ոստիկանության Շենգավիթի քննչական ծառայության նախկին քննիչ Արթուր Ղազարյանն աշխատանքից հեռացվել է 2013թ. սեպտեմբերին, սակայն հասցրել է տարբեր անձանցից կաշառք վերցնել:

Օրեր առաջ ոստիկանությունն արդեն հայտնել էր, որ Արթուր Ղազարյանը բուսաբույժից պահանջել եւ ստացել է 10 հազար ԱՄՆ դոլար: Սակայն սա միակ դեպքը չէ: Անցած տարվա ապրիլին Արթուր Ղազարյանը, տեղեկանալով դատաձեռագրաբանական փորձաքննության մասին, մեղադրյալից պահանջել է 500 ԱՄՆ դոլար, սակայն մեղադրյալը հրաժարվել է գումարը տալ:

Բացի դրանից՝ նախկին քննիչը հեղինազրկել է ոստիկանությանը՝ տուժողներից մեկին թելադրելով, թե ինչ ցուցմունք տալ:

Արթուր Ղազարյանը կալանավորված է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. փետրվարի ութին քննիչ Արթուր Ղազարյանին է հանձնարարվել չորսամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը: Ընթացքում վերջինս պարզել է, որ երեխայի մահվանից առաջ ծնողները դիմել են բուսաբուժությամբ զբաղվող մի կնոջ, որ ոչ ավանդական միջոցներով բուժի երեխային, սակայն երեխան մահացել է: Քրեական գործ հարուցելու փոխարեն՝ քննիչն այդ կնոջից պահանջել եւ ստացել է 10 հազար ԱՄՆ դոլար:

Այս տարվա մայիսի 7-ին արդեն տարադրամի փոխանակման կետերից մեկում Արթուրը փոխանակում էր այդ գումարի մի մասը, երբ ոստիկանները նրան բերման են ենթարկել:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: