Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ մայիսի 23-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականներին՝ Վարդան Հարությունյանին եւ Էդվին Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ ձերբակալված երեք երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 23-ին ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 29-ամյա Մաթեւոս Կարապետյանը, 28-ամյա Էդվին Թադեւոսյանը եւ 34-ամյա Վարդան Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադեւոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:





























