2013-ին Հայաստանի քաղաքացիություն են ստացել 21 հազար հայեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ 2013-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ դա ամենամեծ ցուցանիշն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց մի մասը Մերձավոր Արեւելքից է: «Ճիշտ է, ծագման երկիրը մեզ համար կարեւոր չէ, գլխավորը հայտատուների անձնական գործերն են, որոնցից յուրաքանչյուրը մանրամասն ուսումնասիրվում է»,-հայտարարել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կարեւոր չէ նաեւ այն, թե արդյոք նոր քաղաքացիները պահպանում են իրենց նախկին քաղաքացությունը: «Հայաստանի օրենսդրությամբ, մենք երկքաղաքացիներին դիտարկում ենք բացառապես որպես ՀՀ քաղաքացիներ, ուստի կարեւոր չէ, նա պահպանում է իր առաջին քաղաքացիությունը, թե ոչ»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:





























