Apple ընկերությունը մտադիր է ծրագրավորողների համար կազմակերպվելիք WWDC 2014 համաժողովին «խելացի տան» իր հայեցակարգը ներկայացնել: Այն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների օգնությամբ կենցաղային էլեկտրական սարքերի կառավարման հնարավորություն կընձեռի: Այս մասին, The Financial Times-ին վկայակոչելով, Lenta-ru-ն է հաղորդում:
iPhone-ում տեղակայված համակարգի օգնությամբ տանտերերը կարող են լուսավորության մակարդակը, կենցաղային էլեկտրական սարքերի աշխատանքը եւ անվտանգության ազդանշանային համակարգը կառավարել: Կոնկրետ արտադրողներ, որոնց ցանկը պարբերականը չի նշում, համակարգի հետ ինտեգրված սարքավորումներ վաճառելու հնարավորություն կունենան: Apple-ի ներկայացուցիչները տարածված հաղորդագրությանը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չեն տվել:
Ընկերությունը դեռեւս 2012թ. հունիս ամսին է հետաքրքրություն դրսեւորել «խելացի տուն» ձեւաչափով համակարգերի նկատմամբ: Apple-ին տրամադրված պատենտը լուսավորության եւ անվտանգության համակարգերի, ավտոտնակի, կենցաղում կիրառվող ժամանցային նշանակության սարքերի, ջեռուցման համակարգի եւ այլ կենցաղային նշանակության սարքավորումների հեռավար կառավարման համակարգերը միավորող տեխնոլոգիա է նկարագրում:
Հունիսի 2-ին Սան-Ֆրանցիսկոյում կայանալիք WWDC համաժողովի մասնակիցները, ամենայն հավանականությամբ, հիշյալ տեխնոլոգիայով աշխատող համակարգի ականատեսը կդառնան:





























