Google-ի Nest ստորաբաժանումը տեսախցիկներ արտադրող Dropcam ընկերությունը գնելու հնարավորություններն է քննարկում: Վերջինիս օգնությամբ համացանցի հսկան մտադիր է անվտանգության տեխնոլոգիաների շուկա մուտք գործել: Այս մասին տեղեկությունը The Information տեխնոբլոգն է տարածել:

Google-ի կողմից հունվար ամսին 3,2 մլրդ ԱՄՆ դոլարով ձեռք բերված Nest ընկերությունը ներկայումս էլեկտրաէներգիայի, ծխի եւ ածխաթթու գազի տվիչներով զինված կենցաղային չափիչ գործիքներ է արտադրում: Dropcam-ի տեխնոլոգիաների ձեռքբերմամբ այն կարող է տեսահսկան հաշվին ընդլայնել իր  ծառայությունների ցանկը: Dropcam-ը համացանցին ինտեգրվող, 150 դոլար արժողությամբ տեսախցիկներ է արտադրում: Դրանց օգնությամբ տեսանկարահանված նյութն անմիջապես համակարգիչներով եւ շարժական սարքավորումներով հեռարձակելու հնարավորություն է ստեղծվում:

Իր հերթին, Apple ընկերությունը, ինչպես հաղորդվել է, հաջորդ շաբաթ պատրաստվում է «խելացի տուն» պլատֆորմի իր կոնցեպտը ներկայացնել: Այն առաջարկում է iPhone սմարթֆոնների օգնությամբ էլեկտրականության, անվտանգության ազդանշանային համակարգի, կենցաղային եւ այլ նշանակության էլեկտրական սարքերի կառավարում ապահովել: