Իրանի եւ «վեցյակի» միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը  տեղի կունենա Վիեննայում՝ հունիսի 16-20-ին, հայտնել է բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությունը: 

Ըստ  նրա մամուլի քարտուղար Մայքլ Մաննի՝  հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ստամբուլի բանակցությունների ընթացքում՝ ԵՄ բարձր ներկայացուցչի եւ Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի միջեւ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Մաննը հայտնել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համաձայնագրի  բովանդակության վրա աշխատանքն ամիսներ կտեւի:

Հիշեցնենք, մայիսի 16-ին Վիեննայում ավարտվեց Իրանի եւ «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը: Բանակցությունները ոչ մի զգալի արդյունք չտվեցին: Ապագա համաձայնագրի փաստաթուղթը համաձայնեցնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, սակայն, ըստ պատվիրակության ներկայացուցիչների, հույս կա, որ մինչեւ հուլիսի 20-ը կհաջողվի ամբողջությամբ պատրաստել փաստաթուղթը: