ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ուղերձ է հրապարակել Ուկրաինայի նախագահի ընտրությունների կապակցությամբ: Նա շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին այդ իրադարձության առթիվ:
«Չնայած բոլոր դժվարություններին, որոնց երկրի տարբեր մարզերում բախվեցին եւ կազմակերպիչները, եւ անկախ դիտորդները, դրանք ընդհանուր առմամբ հավուր պատշաճի անցկացված ընտրություններ էին», —կարծում է Խոդորկովսկին, փոխանցում է «Ռոսբալտը»:
«Ես ուրախ եմ, որ Ուկրաինան ողջ աշխարհին ցույց տվեց, որ ինքը եվրոպական ընտրություն է կատարել, գնացել ժողովրդավարական արժեքների ճանապարհով: Արդեն ասել եմ, որ վստահ եմ՝ վաղ թե ուշ այդ շարժմանն է միանալու նաեւ Ռուսաստանը: Ըստ իս՝ չնայած ներկայիս հակամարտությանը, Ուկրաինայի հետ մեզ կանխորոշված է միասին շարունակել պատմական ուղին: Մեր հաջորդ նպատակն է արդար ընտրությունները Ռուսաստանում», — հայտարարել է Միխայիլ Խոդորկովսկին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին: 94,1% քվեաթերթիկների հաշվարկից հետո Պորոշենկոն հավաքում է 54,45%, իսկ նրա գլխավոր մրցակից նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ 12,88%:





























