Ուկրաինացի ուժայինները վերջնագիր են ներկայացրել Դոնեցկի աշխարհազորայիններին, որոնց Կիեւի իշխանությունները «ահաբեկիչ» են կոչում: Եթե նրանք չհանձնվեն, կսպանվեն բարձր ճշգրտության զենքով, հայտարարել է ուժային հատուկ գործողության մամուլի քարտուղար Վլադիսլավ Սելեզնյովը: 

Նա նշել է, որ ավելի վաղ հակաահաբեկչական գործողության ղեկավարները ԴԺՀ-ի անկախությունը պնդող աշխարհազորայիններին կապիտուլյացիա էին առաջարկել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Նրանց, ովքեր պատրաստ են վայր դնել զենքերը, հակաահաբեկչական գործողության  ղեկավարությունն անվտանգություն է երաշխավորում»,- վստահեցրել է Սելեզնյովը: Սակայն  աշխարհազորայինները, ըստ նրա, չեն ընդունել հատուկ գործողության ղեկավարության պայմանները:

Հակաահաբեկչական գործողության  մամուլի քարտուղարը հավելել է, որ այժմ «եւս մեկ  պայման է ներկայացվել. Եթե աշխարհազորայինները չհանձնվեն, ապա իրենց վերահսկած կառույցներին «հատուկ զենքով հարված կհասցվի»:

Սելեզնյովը վստահեցրել է, որ Ուկրաինայի ուժայինները թույլ չեն տա, որպեսզի աշխարհազորայիններին  չեզոքացնելու ընթացքում խաղաղ մարդիկ տուժեն: Նա նաեւ հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ Դոնեցկում ուկրաինացի ուժայինների կողմից քաղաքացիական անձանց զոհվելու մասին: