Մայիսի 26-ին Քուվեյթում ՀՀ դեսպանության մասնակցությամբ, Քուվեյթի Պետության էմիր, շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի բարձր հովանու ներքո երկրի Ազգային թանգարանի ընդունելությունների մեծ դահլիճում մեկնարկեց «UNESCO/Emir Jaber Al-Ahmad Al-Jaber Al-Sabah» տարեկան մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Նշյալ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և սահմանված է այն անձանց, խմբերի, կազմակերպությունների կամ կենտրոնների համար, որոնց գործունեությունն ուղղված է մտավոր անկարողություն ունեցող երեխաների ներառական կրթության աջակցմանը: Այս տարվա մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել Կանադայի Նյու Բրյունսվիկ նահանգի «Education and Early Childhood Development» գերատեսչությունն ու հայաստանյան «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:

Միջոցառմանը ելույթներով  հանդես եկան Քուվեյթ ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, Քուվեյթի բարձրագույն կրթության և գիտության նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարչության  պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ներկայացնելով ներառական կրթության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու ապագայի  միջպետական  ծրագրերը: 

Որպես մրցանակաբաշխության հաղթող` ներկաներին երախտիքի խոսք փոխանցեց նաև «Հույսի կամուրջ» կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը`   խոսելով  կազմակերպության անցած ուղու և այն ջանքերի մասին, որոնք գործադրվել են Հայաստանի մտավոր թերություն ունեցող երեխաներին հասարակության մեջ լիիրավ ինտեգրումն ապահովելու ուղղությամբ: Նշելով, որ այս բնագավառը գտնվում է Հայաստանի կառավարության անմիջական հոգածության ներքո, Սուսաննա Թադևոսյանն անդրադարձավ այն արժեքավոր աջակցությանը, որ ցուցաբերում է Հայաստանի կառավարությունը նշյալ ոլորտի ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Միջոցառման ավարտին Քուվեյթի բարձրագույն կրթության և գիտության նախարար Ահմադ Ալ-Մուլեյֆին հաղթողների պարգևատրեց համապատասխան դիպլոմով և հանձնեց դրամական մրցանակ: Նույն օրը երեկոյան, ի պատիվ մրցանակաբաշխության հաղթողների, տրվեց պաշտոնական ընթրիք միջոցառմանը հրավիրված բոլոր ներկաների մասնակցությամբ: