Սուխումիում ընդդիմության հազարավոր կողմնակիցներ Աբխազիայի նախագահի եւ կառավարության հրաժարականն են պահանջում: Ընդդիմադիրների հանրահավաքը հանրապետության ղեկավարի նստավայրի անմիջական հարեւանությամբ է կազմակերպվել:

Հակակառավարական ակցիայի մասնակիցները մասնավորապես նախագահի ներկայությունն են պահանջել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի ուշ Ալեքսանդր Անկվաբը հանդիպում է ունեցել ընդդիմադիր շարժումների առաջնորդների, մասնավորապես` ազգային միասնության ֆորումի նախագահ Ռաուլ Հաջիբայի եւ վրաց-աբխազական պատերազմի վետերանների հասարակական կազմակերպության ղեկավար Վիտալի Գաբնիայի հետ:

Նախագահի նստավայրի մոտ, հնարավոր անկարգությունները կանխարգելելու համար, ոստիկանության զորափակ ջոկատներ են տեղակայվել: