Ուկրաինայի ելքն ԱՊՀ կազմից նշանակում է ելք ազատ առեւտրի գոտուց եւ շրջադարձ դեպի Եվրոպական միություն: Նման կարծիք մայիսի 27-ին «ԱՊՀ գագաթաժողով. Համագործակցության օրվա արդիական օրակարգ» թեմայով Երեւան-Մոսկվա- Քիշնեւ-Կիեւ-Աստանա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիի հայտարարությունը կազմակերպությունից դուրս գալու գործընթաց սկսելու մասին:
Գուսեւի խոսքով՝ ԱՊՀ-ի համար Ուկրաինայի կորուստը տնտեսական իմաստով զգալի կլինի, քանի որ կազմակերպության առեւտրական շրջանառության շրջանակում Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է 108 մլրդ դոլար:
«Ուկրաինայի հեռանալու դեպքում ԱՊՀ անդամները մի շարք քայլեր պետք է ձեռնարկեն՝ տնտեսական անվտանգությունն ապահովելու համար»,- նկատել է Գուսեւը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա պրոֆեսորը ենթադրում է, որ կազմակերպության լքումը անտրամաբանական է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իմաստով:
«Ուկրաինայի արտահանումն ԱՊՀ երկրներ կազմում է մոտ 38 մլրդ դոլար, իսկ ԵՄ երկրներ՝ 22 մլրդ դոլար: Ուկրաինայի կորուստը կկազմի 9.5 մլրդ դոլար: Ներքին 33 մլրդ դոլար եւ արտաքին 90 մլրդ դոլար պարտքի պայմաններում սա մեծ թիվ է»,- եզրափակել է փորձագետը:





























