Գորիսի քաղաքապետի թեկնածուների վրա ոչ ոք ճնշում չի գործադրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Ընտրությունները կայանալու են հունիսի 8-ին, եւ ամեն ինչ լուծվելու է հօգուտ Գորիսի բնակիչների»,- նշել է Հակոբյանը:
«Թեկնածու Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հանուն Գորիսի եւ բնակչության մեջ պառակտում թույլ չտալու, որոշում է կայացրել ինքնաբացարկի մասին: Բայց նրա վրա ոչ մի ճնշում չի եղել եւ չի էլ կարող լինել»,- ասել է Հակոբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սկզբնապես առաջադրվել էին չորս թեկնածու. Արա Բուդաղյանը, որը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը «Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի տեղամասի պետն է: Մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ էին ներկայացրել:





























