Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը  հանրապետությունը չի լքել, գտնվում է երկրում եւ ստաղծված իրադրությունից ելք է որոնում։ Երկրում զինված իշխանափոխության փորձ է եղել։ այս մասին Անկվաբը հայտնել է աբխազական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 27-ին Անկվաբի նստավայրում ընդդիմության առաջնորդների հետ հանդիպում է տեղի ունեցել, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել, եւ շենքը գրավվել է։

«Մենք բանակցում էինք, թե ինչպես կարելի է կարգավորել իրավիճակը։ Եղան նաեւ ծայրահեղ պահանջներ առ այն, որ ես պետք է հրաժարական տամ։ Հետո նշվեց, որ միգուցե ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Պետք է աշխատանքից ազատվեն գլխավոր դատախազը եւ երկու շրջանների ղեկավարները։ Հետո սկսվեց շենքի գրավումը», — հայտարարել է Անկվաբը։

«Ես ոչ մի տեղ չեմ գնացել, Աբխազիայում եմ։ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում ենք զարգացման տարբեր սցենարներ։  Մեր նպատակն է թույլ չտալ այնպիսի սցենար, որը անդառնալի կորուստներ կբերի մեր երկրին», - նշել է նախագահը։
«Մենք դեռ իրավիճակն իրավական դաշտ  տեղափոխելու հնարավորություն ունենք։ Իրավաբանորեն սա, իհարկե, իշխանության ուժային գրավման փորձ էր», - ընդգծել է  Անկվաբը։

Հիշեցնենք, Աբխազիայի ընդդիմությունը Անկվաբի հրաժարականն է պահանջում։ Մայիսի 27-ին ցուցարարները գրավել էին նախագահի՝ Սուխումում գտնվող նստավայրի շենքը եւ հայտարարում, որ իրենց ձեռքն են վերցնում հանրապետության կառավարումը։