ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր սնանկության զոհ դարձած Դեթրոյթ քաղաքը վթարային վիճակում գտնվող շուրջ 80 հազար լքված շինությունների քանդման կարիք ունի: Այդ նպատակով տեղական իշխանություններին 850 մլն ամերիկյան դոլար է հարկավոր: Հիշյալ գումարը նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ անցյալ տարվա վերջին ամիսներից քաղաքի բոլոր շինությունների գնահատմամբ զբաղվող հատուկ հանձնաժողողն է հնչեցրել:
Փորձագետների խոսքով, մասնավոր սեփականատերեր ունեցող 236 հազար շինություններից քառորդ մասի վիճակն այնքան աղետալի է, որ անհապաղ քանդման աշխատանքներ են պահանջվում: Իսկ պետությանը պատկանող 26 հազար շենքերի պարագայում վիճակն ավելի տխուր է. դրանց 93 տոկոսը պետք է հողին հավասարեցվի:
Բոլոր լքված շինությունների քանդման համար 2 մլրդ ԱՄՆ դոլար կպահանջվի: Սակայն ներկայիս դրությամբ այդչափ գումարների հավաքագրումն անիրական է: Առաջարկվող 850 միլիոնը պետության տիրապետման տակ գտնվող հսկայական շինությունների, ինչպիսիք են, օրինակ` կենտրոնական կայարանի կամ ժամանակին Packard հեղինակավոր ավտոմեքենաներ թողարկած գործարանի լքված շենքերը, քանդում չի նախատեսում: Գլխավոր հարցը ներկայումս այն է, թե որտեղից է Դեթրոյթը գումարներ հայթայթելու:
Ամերիկյան մեքենաշինության մայրաքաղաքի անկման գործընթացը դեռեւս 40 տարի առաջ է սկսվել, իսկ 2013թ. դեկտեմբերի 3-ին այն ընդհանրապես սնանկ ճանաչվեց: Քաղաքի պարտքը առնվազն 18 մլրդ ԱՄՆ դոլար է կազմում:





























