Microsoft կորպորացիան Skype ծառայության համար խոսքի` իրական ժամանակում թարգմանության ֆունկցիա է մշակում: «Ռոսբալտ» գործակալության հաղորդմամբ, տեղեկությունը Քալիֆորնիա նահանգում կազմակերպված մամուլի ասուլիսին ընկերության գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան է տարածել, այնուհետեւ էլ` Microsoft-ի պաշտոնական բլոգում հավաստվել:
Ֆունկցիան Skype Translator («Սկայպ թարգմանիչ») անվանումն է ստացել: Այն Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներում բետա-տարբերակով տեղակայված ծառայության օգտատերերի համար հասանելի կլինի 2014թ. վերջին ամիսներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում Microsoft-ի գլխավոր տնօրեն եւ Skype-ի ղեկավար Գուրդիպ Սինգհ Պալլը ցուցադրել է ծառայության նոր հնարավորությունները: Նադելլայի եւ Պալլի զրույցի ընթացքում Skype-ը իրական ժամանակով գերմաներենից անգլերեն եւ հակառակ ուղղությամբ` տեքստային ձեւաչափով թարգմանություն է կատարել: Ծառայությունը ներկայումս 40 լեզու է հասկանում:





























