Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ Մեթ Դաբաբնեն պատրաստ է աշխատել հայ համայնքի հետ՝ ապագայում եւս մեծ հաղթանակների հասնելու համար։ Խորհրդարանականի շնորհավորական ուղերձը հրապարակել է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը։

Մեթ Դաբաբնեի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ապրիլ ամիսն անցավ, եւ մենք հիշեցինք Ցեղասպանության ողբերգությունը։ Թող որ մայիսն ամրապնդի հայ ժողովրդի հաղթանակները։ Հայաստանի առաջին անկախությունը նվաճվել էր 1918թ. մայիսի  28-ին, եւ գրեթե մեկ դար անց աշխարհի այլ ծայրում հայ ժողովուրդը շարունակական հաղթանակը տոնելու շատ պատճառներ ունի։

Ապրիլի 7-ին հանդիպեցի հայ համայնքի ավելի քան 350 անդամից բաղկացած խմբի հետ, որոնք կապիտոլիում էին եկել կարեւոր հարցերի շուրջ զրուցելու։  Նրանք նահանգի իրենց ներկայացուցիչներին կոչ էին արել հավուր պատշաճի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նույն օրը օրենսդիր ժողովում ես  սատարացի բանաձեւի նախագիծը (AJR 35) առ այն, որ ապրիլի 20–26-ը Հայոց ցեղասպանության կալիֆորնիական շաբաթ հայտարարվի։ Բանաձեւն ընդունվեց միաձայն։ Հաղթանակ։

Ես վճռականորեն սատարում եմ նաեւ այլ կարեւոր բանաձեւերի եւ օրինագծերի նախագիծները, այդ թվում AB 1915-ը, որն ընդունվելուց հետո թույլ կտա Կալիֆորնիայի միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում ներառել  Հայոց ցեղասպանության թեման։ Սա կհանգեցնի նրան, որ ապագա սերունդները  համաշխարհային պատմության վերաբերյալ ճշմարտությունը կիմանան՝ ապագայում ավելի հանդուրժողական եւ կարեկից վերաբերմունք ձեւավորելու համար։ Հաղթանակ։

Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրումը տոնելուց մեկ օր առաջ,  ես մասնակցեցի  Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման եւ ժողովրդավարության աջակցության աննախադեպ քվեարկությանը: Միայն քսան տարի անց ԼՂՀ-ի մշտական ներկայացուցիչը ներկա եղավ մեր Կապիտոլիումում՝ 72 ձայնով AJR 32 օրինագծի ընդունմանը վկա լինելու համար: Հաղթանակ»:

Կալիֆորնիացի խորհրդարանականը նաեւ նշել է, որ ապրիլից մայիս ամսվա անցումը կամքի ուժի դրսեւորում է, որը հայ ժողովրդին թույլ տվեց Ցեղասպանության դժվարությունից բարձրանալ ազատության եւ ժողովրդավարության: «Հայ ժողովրդի դրսեւորած հաղթանակի ոգին ոգեշնչում է, եւ ես պատրաստ եմ միասին աշխատել՝ ապագայում էլ ավելի մեծ հաղթանակների հասնելու համար»,– նշել է Մեթ Դաբաբնեն: