Թուրք-իսրայեկալան վերջին սրացման պատճառը թուրք-իրանական վերջին շրջանի հարաբերություններեն են՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Իսրայելի կողմից մայիսի 31-ին թուրքական նավերի գնդակոծմանը՝ ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը։ «Իսրայելը մտահոգություն ունի՝ կապված Թուրքիայի եւ Իրանի կողմից միջուկային միսանական քաղաքականություն վարելու հետ։ Բնական է, որ Իսրայելը դրա մեջ վտանգ է տեսնում։ Մյուս կողմից էլ Թուրքիան է ամեն կերպ փորձում ցույց տալ, որ թշնամացած է Իսրայելի հետ, որպեսզի ավելի համոզիչ լինեն իր առաջարկները՝ ուղղված Իրանին եւ ընդհանրապես արաբական աշխարհին»,-ասել է Մանվել Սարգսյանը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ թուրք-իսրայելական վերջին սրացումը կարող է խորանալ։ Իսկ մինչ այդ, ըստ նրա, պետք է սպասել, թե ինչպես տեղի ունեցածին կարձագանքի միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, ինչպես նաեւ Ռուսաստանը։
«Ըստ ցուցաբերվող վերաբերմունքի էլ հնարավոր կլինի ասել, թե ինչպիսի՞ իրավական ու քաղաքական հետեւանք կունենա իսրայելա-թուրքական վերջին բախումը։ Բայց որ պրոբլեմը խորն է, ու Թուրքիան ոչ մի կերպ չի հրաժարվում Իրանի հետ մերձեցումից, դա բոլորին է մտահոգում։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ կարելի է սպասել բարդացումներ թուրք-իսրայելական հարաբերություններում»,-նշել է փորձագետը։
Հիշեցնենք, որ իսրայելական զինվորականները մայիսի 31-ին գրոհով վերցրել են միջազգային նավատորմի նավերը, որոնք շրջափակված Գազայի հատված էին տեղափոխում հարյուրավոր իրավապաշտպանների եւ հազարավոր տոննա մարդասիրական բեռներ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելական ռազմածովային ուժերի գլխավոր թիրախը եղել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի շարքում գտնվող թուրքական Mavi Marmara նավը: Իսրայելական ուղղաթիռները դեսանտ են իջեցրել այդ նավի վրա, որից հետո իսրայելցի զինվորները կրակ են բացել նավում: Թուրքական լրատվամիջոցները տեղի ունեցածը որակել են որպես քաղաքացիական սպանդ։
Տեղի ունեցածին իրենց բողոքն են հայտնել նաեւ մի խումբ թուրք բողոքավորներ՝ փորձելով ներխուժել Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարան։




























