ՌԴ կառավարության որոշմամբ ֆիզիկական անձանց կողմից ալկոհոլային խմիչքների ներմուծումը երկրի տարածք այսուհետ արգելանքի տակ է դրվում: Բացառություն են կազմում միայն մաքսատուրքից ազատված խանութներից ձեռք բերված խմիչքները: 

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի վերջին օրերին ստորագրել է ֆիզիկական անձանց կողմից ակցիզային դրոշմներով չկնքված ալկոհոլային խմիչքների` անձնական օգտագործման նպատակով ներմուծումը թույլատրող դրույթի ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը: Փաստաթուղթը ստորագրման պահից երկու շաբաթ անց է հրապարակվել:

Այդուհանդերձ, «Ռոսբալտ» գործակալության վկայակոչմամբ, դաշնային մաքսային ծառայությունից հաղորդել են, որ որոշումը «տեխնիկական բնույթ» ունի, եւ գործնականում ոչինչ չի փոխվելու:

«Նոր կանոնը ոչ թե մաքսային, այլ` հարկային օրենսդրությանն է առնչվում: Կանաչ միջանցքով Ռուսաստանի տարածք մուտք գործող անձանց ոչ ոք չի արգելելու մինչեւ 3 լիտր ծավալով ալկոհոլ ներմուծել: Նույնիսկ եթե պահանջեն` քաղաքացին պարտավոր չէ հիշյալ ծավալով ալկոհոլակին խմիչքի առկայություն հայտարարագրել, ուստի եւ այն մաքսանենգության փորձ չի կարող դիտարկվել: Կարծում եմ` մաքսատներում ոչինչ չի փոխվի, քանի դեռ որոշման արդյունքում Մաքսային միության ստեղծման մասին համաձայնագիրը փոփոխություններ չի կրել առ այն, թե ինչ կարելի է եւ ինչ չի կարելի անձնական օգտագործման համար ներկրել, եւ մասնավորապես` ինչն է պետք հայտարարագրել», - «812 Online» պորտալին տված հարցազրույցին նկատել է իրավական հարցերով մեկնաբան Պավել Նետուպսկին: