Ռուսաստանի Դաշնությունը պետք է տանի իր գրոհայիններին Ուկրաինայի Արեւելքից, այլ ոչ հումանիտար օգնություն առաքելու մասին հայտարարի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, հաղորդում է ՈՒՆՆ-ը:

«Ուկրաինայում հումանիտար օգնության, դեղամիջոցների կամ այլ միջոցների հետ խնդիրներ չկան, կա խնդիր ահաբեկիչների հետ, որոնք անհնար են դարձնում այդ օգնության առաքումը անհրաժեշտ շրջաններ: Թող Ռուսաստանը տանի իր գրոհայիններին արեւելքից, որոնք անհնարին են դարձնում մարդասիրական բեռների եւ դեղամիջոցների առաքումը»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ-ն հայտարարել էր, թե պատրաստ է Ուկրաինայի արեւելքի ժողովրդին հումանիտար օգնություն տրամադրել եւ համապատասխան նոտա էր հղել Ուկրաինայի ԱԳՆ: