Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն նշանակվել է Ուկրաինայի նախագահի խորհրդական: Այդ մասին տեղեկությունը նա հաստատել է վրացական «Ռուսթավի2» հեռուստաալիքի հետ զրույցում:

Բենդուկիձեն նշել է, թե արդեն մասնակցել է խորհրդականների խորհրդի առաջին նիստին: Խորհրդի կազմում են երկու կանադացի եւ երկու ամերիկացի խորհրդականներ:

«Տվյալ խորհուրդը հավաքվելու է ամիսը մեկ անգամ եւ քննարկելու է ուկրաինական տնտեսության չարագուշակ հարցերը: Ուկրաինան այսօր գտնվում է ծանր վիճակում, դա երկար տարիներ ոչինչ չանելու հետեւանք է: Ես դիմում եմ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ Ուկրաինային առավելագույնս օգնելու խնդրանքով»,- նշել է Բենդուկիձեն:

Նա ոչ հերքել, ոչ էլ հաստատել Միխայիլ Սահակաշվիլիի եւ Գրիգոլ Կատամաձեի՝ Ուկրաինայի նախագահի խորհրդականներ նշանակվելու լուրը, նշելով, թե տեղյակ չէ: