Ուկրաինայի նախագահական ընտրությունները հարթ ընթացք չեն ունեցել, բայց Ռուսաստանը պատրաստ է երկրի նոր ղեկավարների հետ երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Գիտենք, որ այս ընտրությունները անթերի չեն անցել, բոլոր ռեգիոններում ոչ միանման, բայց մենք հարգում ենք ուկրաինացիների ընտրությունը։ Ուկրաինայի ժողովուրդը հայտնել է իր կամքը եւ մենք պատրաստ ենք նոր ձեւավորված կառավարության հետ երկխոսության»,- նշել է Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի խոսնակը՝ ավելացնելով, որ Ռուսաստանին եւ Ուկրաինային շատ բան է կապում։
«Մենք պետք է այդ երկխոսության ձեւաչափը գտնենք եւ լուծենք այն խնդիրները, որոնք ստեղծվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Մենք շարժվելու ենք հենց այդ ուղությամբ»,- ավելացրել է նա։ Այս մասին հայտնում է ԻՏԱ-ՏԱՍՍ-ը։
Սակայն Մատվիենկոն ցավով արձանագրել է, որ «Ուկրաինայում քվեարկությունից հետո խաղաղության, համաձայնության եւ համազգային երկխոսության» հույսերը չարդարացան։
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ուղղակի շոկ է առաջացնում՝ պատժիչ գործողությունները ոչ միայն դադարեցված չեն, ինչը սպասում էին նորընտիր նախագահի կողմից, այլեւ ավելի են ծավալվում։ Այլեւս անհնար է անտարբեր նայել, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է ռուսաստանցի սենատորը։





























