Վայոց Ձորի մարզում այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ամուսիններ՝ 73-ամյա Սերյոժա Հարությունյանն ու 65-ամյա Սվետլանա Բաբայանը մահացել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոնից:

«Ժամը 17:00-ի սահմաններում մեզ մոտ են տեղափոխվել տատիկ, պապիկ եւ նրանց 10 տարեկան թոռնիկը: Պապիկը տեղում մահացել է, իսկ տատիկն էլ երբ տեղափոխվեց մեզ մոտ, գանգուղեղային ծանր վնասվածք ուներ, արհեստական շնչառություն միացրինք, սակայն փրկել չհաջողվեց: Երեխայի վիճակը լավ է, միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում, տեղափոխել  ենք Երեւան»,- ասաց բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անահիտ Կարապետյանը:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում: Ըստ շրջանառվող լուրերի՝ վթարի ենթարկվածները Տաթեւից էին վերադառնում, Արմավիր էին գնում: