ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ժամանակներում, հաղորդում է Ռոսբալտը:

Պուտինի խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում շոշափվել է Եվրասիական միության մասնակիցների շրջանակի ընդլայնման հարցը, քննարկվել վերջինիս՝ Հայաստանի միացման պայմանագրի նախագիծը:

«Այդ նախագիծը անհրաժեշտ է հաստատել եւ ստորագրել մոտ ժամանակներում: Հայկական կողմը ցանկանում էր հունիսին ստորագրել եւ մենք համաձայնվել ենք: Լիահույս ենք, որ Հայաստանը մոտ ապագայում միություն մտնելուց հետո կդառնա վերջինիս լիիրավ անդամը», -  ասաց Պուտինը:

Ըստ Պուտինի, գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են նաեւ միության համագործակցության հեռանկարները այլ արտասահմանյան գործընկերների հետ, այդ թվում՝ Ղրղզստանի:

«Պայմանավորվել ենք ակտիվացնել Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» բանակցությունները, ամրացնել փոխազդեցությունը ՉԺՀ-ի հետ, այդ թվում՝ ապրանքների եւ ծառայությունների մաքսային տեղեկատվության փոխանակության ոլորտում, ինչպես նաեւ ձեւավորել փորձագիտական խմբեր Հնդկաստանի եւ Իսրայելի հետ առեւտրային արտոնյալ ռեժիմների մշակման շուրջ», - նշեց Պուտինը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը հինգշաբթի ստորագրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին: