Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ մայիսի 29-ին, Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պատվոգրեր եւ մրցանակներ են հանձնել «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներին:

Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  նշել է,  որ շարադրությունների հանրապետական մրցույթը հայտարարվել է զինադադարի 20-ամյակի առթիվ, որին մասնակցել են  աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցներից:

«Ուստի խորհրդանշական է, որ դպրոցականների պարգեւատրման արարողությունն անցկացվում է  ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Խաղաղության, պատերազմի եւ հաղթանակի խորհուրդը այստեղ լավագույնս է միահյուսված,- նշել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ միջոցառման իրականացմանը աջակցություն է ցուցաբերել պաշտպանության նախարարությունը: "Կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարությունների միջեւ սերտ համագործակցություն  կա,  ուսանողների եւ աշակերտների  ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված ծրագրերում: Մեր  ջանքերն համատեղված են ընդհանուր նպատակի շուրջ՝  սերմանելու  եւ որպես անհերքելի արժեքներ նրանց մեջ ամրապնդելու հայրենապաշտությունն ու գնահատանքը հայոց բանակի նկատմամբ, որը խաղաղության գլխավոր երաշխավորն է:  Ամփոփելով «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթը, ուզում եմ մի ուրախալի փաստ արձանագրել. այս մրցույթին դպրոցականների մասնակցության աննախադեպ ակտիվություն է եղել, մենք ստացել ենք մի քանի անգամ ավելի շատ մրցութային շարադրությունների հայտեր, քան սովորաբար ստանում ենք դպրոցական այս կարգի մրցույթների ընթացքում: Սա  նշանակում է, որ թեման մեր դպրոցականների համար սրտամոտ եւ հոգեհարազատ է եղել: Ես վստահ եմ՝ հայ աշակարտները  սիրում են եւ նվիրված են իրենց հայրենիքին,  գիտակցում են, որ միայն ուշիմ, հայրենասեր եւ նպատակասլաց լինելով է հնարավոր, պատերազմով նվաճված այս խաղաղությունը դարձնել հարատեւ եւ միայն խաղաղության պայմաններում է հնարավոր  կառուցել ուժեղ եւ ամուր պետություն»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը:  

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շարադրության մրցույթի հաղթողներին, շեշտել է, որ 20 տարի առաջ կնքված  հրադադարի պայմանագրից հետո միայն հայոց բանակի պատրաստվածությունն է ապահովում հակառակորդի զսպումը եւ համապատասխան ուժի չկիրառումը. «Մեր անվտանգության գլխավոր երաշխավորը զինված ուժերն են՝ հայկական բանակը: Սակայն ուժ ասելով մենք նկատի չունենք միայն զինվորին եւ մեր բանակի սպառազինության մակարդակը: Այսօրվա շարադրության մրցույթը գալիս է ապացուցելու, որ ուժ ասելով մենք պետք է հասկանանք նաեւ մեր պետության մնացած ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, գիտություն, արտաքին քաղաքականություն: Կրթության եւ գիտության ոլորտի հետ մենք երկարատեւ համագործակցության փորձ ունենք, մենք կարեւորում ենք  գիտելիքահեն ներուժի կիրառումը նաեւ պաշտպանության ոլորտում եւ վստահ ենք, որ  շատ հզոր ուժ է նաեւ գիտելիքը»,- նշել է Ս. Օհանյանը:

Պարգեւատրման  հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն ճանաչված 20 շարադրությունների հեղինակները  պատվոգրեր եւ մրցանակներ են ստացել ՀՀ ԿԳՆ-ի եւ ՀՀ ՊՆ-ի անունից, ինչպես նաեւ նախարարներ Ա. Աշոտյանի եւ Ս. Օհանյանի նախաձեռնությամբ հաղթող աշակարտներն ամռանը եռօրյա հանգիստ կանցկացնեն Արցախում եւ հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական երկրորդ պետության պատմությանն ու մշակույթին, հայրենիքը պաշտպանող զինվորների առօրյային: