Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից Աստանայում ստորագրված Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը թույլ է տալիս ասել, որ այդ պետություններից ոչ մեկը չի հրաժարվել իր ինքնիշխանության զգալի մասից, հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը, հայտնում է «Ռոսբալտը»:

«Երեք երկրներից ոչ մեկն էլ չի հրաժարվել իր պետական ինքնիշխանության, իրավական, պաշտպանական եւ արժութային տիրույթի զգալի մասից եւ բնավ էլ մտադիր չէ ենթարկվել իշխանության ընդհանուր մարմիններին», — նշել է Օրեշկինը:

Ըստ Օրեշկինի՝ ԵՏՄ-ն եվրաինտեգրման ասիական մոդելն է՝ այլ հիմքերի վրա կառուցված: Նա ասել է, որ ԵՏՄ-ն ավելի ճիշտ կլինի համեմատել ոչ թե ԵՄ-ի, այլ Նավթ արտահանող երկրների կազմակերպության հետ, քանի որ այս պայմանագրի ստեղծմանը մասնակցող երկու խոշոր պետություններն էլ՝ Ռուսաստանը եւ Ղազախստանը, ունեն տնտեսության նման կառուցվածք:

Օրեշկինն ասել է, որ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը ԱՊՀ-ի մասին նույն պայմանագրի տարբերակն է՝ միայն կրճատված կազմով, նույնիսկ եթե ապագայում միանան Հայաստանը եւ Ղրղըզստանը: