ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ Հայաստանն Ուկրաինայի դեմ չէր քվեարկում, ոչ էլ Ռուսաստանի համար, այլ՝ հանուն իր սկզբունքների:
Այս մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
«ՀՀ-ի անկախության առաջին իսկ օրվանից մենք թույլ չենք տվել կասկածի տակ դնել միջազգային իրավունքի ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Մենք չենք քվեարկել Ուկրաինայի դեմ կամ Ռուսաստանի կողմ: Մենք քվեարկել ենք հանուն մեր սկզբունքների», - ընդգծել է Նազարյանը: Այն հարցին՝ չի նշանակում դա արդյոք ճանաչել Ղրիմը, Նազարյանը պատասխանել է. «Ոչ, դա չի նշանակում ճանաչում»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւն ընդունվել էր մարտի վերջին՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում՝ 100 կողմ, 11 դեմ եւ 58 ձեռնպահ ձայներով: Հայաստանից բացի դեմ էին քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, Վենեսուելան, Բոլիվիան, Սուդանը, Զիմբաբվեն, Հյուսիսային Կորեան:





























