Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեր երկրի` Աստանայում սպասվող ապագայի մասին պատկերացում չի ունեցել: Այս հայտարարությունը մայիսի 29-ին խորհրդարանում լրագրողների համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձաժողովի նախագահ Նարիա Զոհրաբյանն է հնչեցրել:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ եթե Հայաստանը որոշել է եվրասիական ինտեգրումը եվրոպականից վեր դասել, ապա այդ որոշման կարեւոր գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է հանդիսանում: Հայաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի նախագիծն, ըստ ամենայնի, Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի առկայություն էր ենթադրում, մինչ եվրասիական ինտեգրման գործընթացքում այդպիսի հարց չի դրվել: «Ես ասում եմ` ըստ ամենայնի, քանի որ պայմանագրի նախագիծն այդպես էլ չեմ տեսել, թեկուզ դիմել եմ թե եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, եւ թե Հայաստանին ԱԳՆ-ին», - նշել է պատգամավորը:
Հիմա արդեն, Աստանայում ամենաբարձր մակարդակով կազմակերպված հանդիպումից հետո, կարելի էր հարցի` արդեն եվրասիական ինտեգրման շրջանակում պատասխանին սպասել: «Համապատասխան հայտարարությունն այսօր պատգամավորների հետ հանդիպման ընթացքում ԱԳ փոխնախարարները պետք է հնչեցնեին: Բայց այդ հարցի պատասխանն անգամ ինքը` նախարար Էդվարդ Նալբանդյանը չէր կարող տալ, որովհետեւ չգիտեր, թե Աստանայում ինչ է սպասվում Հայաստանին», - համոզմունք է հայտնել Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի այսօր` մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:





























