Լիբիայի նոր կառավարության` Ահմեդ Մայտիգի ղեկավարությամբ առաջին նիստը երկրի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող հյուրանոցներից մեկում է կազմակերպվել: Վարչապետի ներկայացուցչի խոսքով, նիստի օրակարգը երկրի անվտանգությանը եւ նոր կառավարության կարճաժամկետ պլաններին վերաբերող հարցեր է ներառում:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարության շենքը շարունակում է վարչապետի պաշտոնակատար Աբդալլը Աբդուրրահման Աթ-Թանին զբաղեցնել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վերջինս մտադիր է շարունակել իր պարտականությունների իրականացումը եւ խոստացել է նոր վարչապետի նշանակման իրավասության հարցը դատական կարգով լուծել:

Աթ-Թանին մարտի 11-ին` նախորդ վարչապետ Ալի Զեյդանի` անվստահություն ստանալուց հետո, երկրի ժամանակավոր խորհրդարանի` համընդհանուր ազգային կոնգրեսի կողմից երկու շաբաթով էր վարչապետի պաշտոնակատար նշանակվել: Մարտի 25-ին նրա պաշտոնավարման ժամկետը երկարացվել էր եւս 14 օրով: Այնուհետեւ` ապրիլի 8-ին նրան առաջարկվել էր մինչեւ խորհրդարանական ընտրությունները նոր կառավարություն ձեւավորել: Սակայն աթ-Թանին հրաժարվել էր խորհրդարանականների առաջարկությունից` նախընտրելով վարչապետի պաշտոնակատար մնալ:

Այդուհանդերձ, նա չի ցանկանում իր պաշտոնը լքել եւ կառավարության ղեկավարի լիազորությունները նորանշանակ վարչապետին հանձնել: