Microsoft ընկերությունը սեփական «խելացի» ժամացույցն է ստեղծում, փոխանցում է  Forbes-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Ըստ տեղեկությունների՝ գաջետը տարբեր սենսորներ կունենա, որոնք հնարավորություն կտան չափել սրտի կծկումների հաճախականությունը եւ սարքը համապատասխանեցնել  iOS-ով, Android-ով եւ Windows Phone-ով սմարթֆոնների հետ:

Նշվում է, որ ժամացույցի  մարտկոցը կարող է աշխատել  երկու օր՝ առանց վերալիցքավորման: Սենսորային էկրանը տեղադրված է լինելու օգտվողի դաստակի ներքին կողմում, որպեսզի ծանուցումները դիտելն ավելի հեշտ լինի, գրում է հրատարակությունը:

Հայտնի չէ, թե երբ է ներկայացվելու գաջետը, սակայն չի բացառվում, որ Microsoft-ն այն ներկայացնի այս ամառ:

Ընկերության մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից: