Իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող, Սաուդյան Արաբիայի ուլեմների գերագույն խորհրդի 7 անդամներից մեկը` շեյխ Աբդուլլա ալ-Մութլաքը տղամարդու եւ կնոջ միջեւ ինտերնետային նամակագրությունը մեղք է հայտարարել:

Շեյխն իր տեսակետը պետական ռադիոյի ալիքներից մեկի եթերում է հայտնել, Al Arabiya հեռուստաալիքին վկայակոչելով հաղորդում է Gazeta.ru-ն:

Ալ-Մութլաքի խոսքով, տղամարդու եւ կնոջ միջեւ ինտերնետային, մասնավորապես` սոցցանցային նամակագրությունը հակասում է իսլամի պատգամներից մեկին, համաձայն որի չամուսնացած զույգերը չեն կարող առանձնանալ:

Այդ առթիվ շեյխը կանանց կոչ է արել նույնիսկ միանգամայն անմեղ նպատակով ինտերնետային նամակագրության մեջ չմտնել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: 

Ալ-Մութլաքի խոսքերը Սաուդյան Արաբիայի ինտերնետ-օգտատերերի կողմից միանշանակ չեն ընդունվել: Քաղաքացիներից ոմանք հավանություն են տվել դրանց, իսկ ոմանք էլ` չափից դուրս արմատական որակել: