Աբխազիայի ընդդիմությունը շարունակում է պահանջել նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը: Նրան կասկածում են նաեւ հանրապետությունում խռովություններ հրահրելու մեջ:
«Նա այսօր հնարավորություն ունի իր կարիերայի ընթացքում ժողովրդի համար միակ օգտակար գործը կատարելու՝ հրաժարական տալու: Սակայն նա շարունակում է կառչել իր թվացյալ իշխանությունից: Երեւի փորձում է վերջում վրեժխնդիր լինել ժողովրդից՝ խռովություններ հրահրելով», - ասվում է Աբխազիայի Ժամանակավոր ժողովրդական խորհրդի մամուլի հաղորդագրությունում:
Մինչդեռ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը մտադիր չէ ընդդիմության դեմ ուժ կիրառել, փոխանցում է «Ապսնիպրեսը»՝ վկայակոչելով հանրապետության ԱԽ քարտուղար Նուգզար Աշուբուի խոսքերը:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Աբխազիայի նախագահը «բոլոր կառույցներից պահանջել է բացառել խնդիրների լուծման ուժային տարբերակը»:
Անկվաբը «Կոմերսանտ FM»-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է երկխոսության ընդդիմության հետ, սակայն մտադիր չէ կատարել նրանց պահանջները:




























