Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին անդամակցումը սահմանների քննարկում չի ենթադրում եւ նմանատիպ հարցերի հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի: Այս հայտարարությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդվուարդ Շարմազանովն է հնչեցրել` մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը:

«Այն, որ Հայաստանի Հարնապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեկ տնտեսական տարածքի մաս  են կազմում, փաստ է, եւ այն կասկածի տակ առնելու ենթակա չէ: Փաստ է նաեւ այն, որ Հայաստանն արդեն ընթացիկ տարվա հունիս ամսին միանալու է Եվրասիական միությանը` սահմանների հետ առնչություն չունեցող` ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ կապված մի քանի հարցի շուրջ ճշտումներ են մնացել», - ասել է Շարմազանովը` եւս մեկ անգամ ընդգծելով, որ սահմանների հետ կապված հարցերի քննարկումը Մաքսային եւ Եվրասիական միությունների կառույցների լիազորություններին չի առնչվում:

Շարմազանովի խոսքով, ինչպես ավելի վաղ` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելիս, այնպես էլ հիմա` Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին ինտեգրման պարագայում, Հայաստանի գործողությունները ոչ թե Ղարաբաղի հարցի լուծման, այլ` տնտեսական շահերից ելնելով են պայմանավորվում: «Բոլոր այդ կազմակերպությունները Ղարաբաղի հարցը լուծելու լիազորություն չունեն, դրա համար ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի», - հայտարարել է նա:

Անդրադառնալով լրատվամիջոցներում եւ հասարակության շրջանում Նազարբաեւի հայտարարության առաջացրած արձագանքներին, ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը փորձառու լրագրողներ ու քաղաքական համակարգ ունի, որոնք պետք է կարողանան քաղաքական բանակցությունները հրապարակային ուղերձներից տարբերել: «Հրապարակային ուղերձների շուրջ աժիոտաժ ստեղծելու կարիք չկա: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու եւ ում համար են այդ ուղերձները հնչեցվել: Վերջին օրերի աժիոտաժը մեր հասարակության շահերից չի բխում, հետեւապես` ճանճից փիղ սարքելու կարիք էլ չկա: Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է եւ մտադիր չէ ի վնաս այդ երկրի տնտեսական եւ քաղաքական շահերի ու անվտանգության որեւէ քայլ ձեռնարկել», - հավաստիացրել է Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կազմակերպված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիեւ կողմից հասցեագրված նամակի մասին է հիշատակել, որտեղ Հայաստանին միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով Եվրասիական միություն ընդունելու կոչ է արվում: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անտեսելով Ալիեւի նամակի մասին հիշատակումը, բոլոր փաստաթղթերի` ամենակարճ ժամկետներում ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: