Եվրոպացի զբոսաշրջիկներին Հայաստանի անվտանգության բարձր մակարդակն է գրավում: Հայտարարությունը մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսին «Armenia Travel» տուրիստական ընկերության տնօրեն Մարինա Կպրեյանն է հնչեցրել` հավելելով, որ հանրապետությունում զբոսաշրջիկների ներհոսքի` 10 տոկոսի չափով աճ է գրանցել:
Կպրեյանը նաեւ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ տուրիստական ծառայությունների գները արտասահմանցիների մեծամասնության համար, ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների, հասանելի են (7 օր/6 գիշեր ներառող փաթեթի գինը, առանց ավիատոմսի, 500-1000 եվրո է կազմում): Բացի այդ, զբոսաշրջիկներին երկրի պատմությունն ու ճարտարապետությունն է գրավում:
Պատահական չէ, որ եվրոպական երկրներում հանգստի հենց էքսկուրսիոն տեսակն է զարգացած, որի շնորհիվ նրանց եկեղեցիներ եւ թանգարաններ այցելելու հնարավորություն է ընձեռնվում: Եվ վերջապես, Կպրեյանի համոզմամբ, հայկական ավանդական խոհանոցի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արտասահմանցիներին հատկապես մեր տոլման, քյուֆթան, լավաշը, մածունը եւ բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներն են դուր գալիս: Զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնը մարտի սկզբներից մինչեւ նոյեմբեր ամսվա առաջին օրերն ընկած ժամանակահատվածն է ներառում: Ամենից շատ Հայաստան են այցելում գերմանացի, ֆրանսիայի, ռուս, ավստրիացի, իտալացի, շվեյցարացի, բրիտանացի եւ իսպանացի զբոսաշրջիկները: Վերջերս երկրի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ճապոնացիները:




























