ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Մինսկում մեկնարկած գագաթաժողովի շրջանակում վեց միջազգային պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Մասնավորապես ԱՊՀ երկրների ԶՈւ ինժեներային ծառայությունների միջեւ ականազերծման ոլորտում համագործակցության եւ տրանսպորտային անվտանգության ապահովման նպատակով ԱՊՀ երկրների միջեւ տեղակատվական փոխգործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել:
Ընդհանուր առմամբ, կառավարության ղեկավարների մակարդակով խորհրդի նիստի ընթացքում ավելի քան 20 փաստաթուղթ է քննարկվել:
Հանդիպման ընթացքում ռադիոնավիգացիայի եւ հիդրոմետեորոլոգիայի ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված` առաջիկա մի քանի տարիների համար միջոցառումներ են մշակվել, իսկ ապրանքների ծագման երկրի որոշման կանոններում` փոփոխություններ մտցվել:
Բացի այդ, քննարկվել են նաեւ մարդասիրական ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր եւ համագործակցության երկրներում ազգային սպորտաձեւերի զարգացմանը, ինչպես նաեւ կենդանիների մոտ դաբաղ հիվանդության տարածման դեմ պայքարին ուղղված միջոցառումներ մշակվել:
Կողմերը նաեւ ԱՊՀ տարածքում անվտանգության ապահովմանն առնչվող, մասնավորապես` անչափահասներին մշտական բնակության երկիր վերադարձնելու մասին ստորագրված համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին որոշում են կայացրել:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստին 10 վարչապետ է մասնակցում: Ուկրաինան երկրի` Բելառուսում դեսպան Միխայիլ Եժելն է ներկայացնում:




























